Հայտնի են դարձել «Սեզար» մրցանակի թեկնածուները
Ֆրանսիայի Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիան հայտարարել է «Սեզար» մրցանակի թեկնածուներին, հաղորդում է The Variety-ն։
Մրցանակ կարող են ստանալ «Մարգարիտա», «Իմ երիտասարդ տարիները», «Մուստանգ» և «Դիպան» ֆիլմերը, ի դեպ, «Դիպանը» Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակին։
«Մարգարիտան» և «Իմ երիտասարդ տարիները» ներկայացված են 11 անվանակարգերում, «Դիպանը» և «Մուստանգը» հավակնում են յուրաքանչյուրն ինը մրցանակի: Ութական մրցանակ կարող են ստանալ «Երիտասարդ արյունը» և «Իմ թագավորը»:
«Սեզար» մրցանակի թեկնածուներին այսօր հայտնել է Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը:
Թերզյանը հայտարարել է, որ պատվավոր «Սեզար» մրցանակի է արժանանալու հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը՝ հետևելով Շոն Փենին:
Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է փետրվարի 26-ին։










