Բրիտանացի դերասան Ջոզեֆ Ֆայնսը կմարմնավորի Մայքլ Ջեքսոնին
Բրիտանացի դերասան Ջոզեֆ Ֆայնսը, ով հայտնի է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում խաղացած իր դերով, հանդես կգա ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դերում, գրում է gazeta.ru-ն։
Հեռուստատեսային ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացնում է Sky Arts-ը։
Սյուժեի համաձայն՝ Ջեքսոնը դերասաններ Մարլոն Բրանդոյի և Էլիզաբեթ Թեյլորի հետ հեռանում է Նյու Յորքից 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Քանի որ օդային տարածքը փակ է, դերասանները վարձով ավտոմեքենա են վերցնում և ճանապարհ ընկնում: Ֆիլմը հիմնված է Vanity Fair ամսագրում 2011 թվականին հրապարակված հոդվածի վրա։ Այդ պատմության իսկությունը կասկածի է ենթարկվել։
«Օրերս ես սցենար եմ ստացել: Դա մարտահրավեր է: Դա կատակերգություն է»,- հայտարարել է Ֆայնսը: «Դա ուրախ, թեթև, հեգնական ճանապարհորդություն է այն մասին, թե ում են նման այդ տեսակի աստղերը»,- պատմել է դերասանը:
Նա հավելել է, որ դա նաև «բավականին գեղեցիկ և ազդեցիկ» ֆիլմ է Ջեքսոնի, Բրանդոյի և Թեյլորի հարաբերությունների մասին:










