Լրատվամիջոցներին հայտնի է դարձել՝ որտեղ է Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարի մի մասը
Հայտնի են դարձել հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարի մեծ մասի անհետացման գործով հետաքննության առաջին արդյունքները, հայտնում է НТВ հեռուստաալիքի կայքը։
Հիշեցնենք, որ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության իրավաբաններն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Ժաննա Ֆրիսկեի բուժման համար նախատեսված գումարի մեծ մասը գողացվել է, ինչի կապակցությամբ կազմակերպությունը ՌԴ-ի Քննչական կոմիտե էր ուղարկել դիմում` խնդրելով քրեական գործ հարուցել փաստի առնչությամբ։
Խոսքը մոտ 21 մլն ռուբլու մասին է։
Քննչական կոմիտեում աղբյուրի համաձայն՝ բանկին ուղարկված հարցմանն ի պատասխան պարզվել է հետևյալը՝ երգչուհու հայրը գումարի փոխանցումներ չի իրականացրել, ոչ էլ գումար է հանել հաշվից, իսկ ահա երգչուհու քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը 3 փոխանցում է կատարել արտասահմանյան բանկային հաշիվներին։
Սկզբում ռուբլին փոխանակվել է դոլարով, այնուհետ 170.000 դոլար ուղարկվել է Գերմանիայում հաշվեհամարին, 104.000 դոլար՝ Նյու Յորք, 180.000 դոլար էլ Լոս Անջելես, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Նշվում է, որ այդ փոխանցումների մասին Շեպելևը հիմնադրամին տեղյակ չի պահել։
Հնարավոր է, որ այդ միջոցներն ուղղվել են բժշկական կազմակերպությունների բանկային հաշիվներին։ Շեպելևը փոխանցումներն արել է այն երկրներ, որտեղ բուժում է ստացել Ժաննան։ Սակայն սա դեռ պարզել է պետք։
Եթե հաստատվի, որ միջոցները գողացվել են, քրեական գործ կհարուցվի, որը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում։
Երգչուհին մահացել է 2015թ. հունիսի 16-ին գլխուղեղի քաղցկեղից: Երբ հայտնի դարձավ նրա հիվանդության մասին, «Ռուսֆոնդ»-ը գումար հավաքեց բուժման համար։ Կազմակերպության և Ֆրիսկեի միջև 2014թ. հոկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն էլ փոխանցվել են գումարները: Գումարը տպավորիչ է` ավելի քան 25 մլն ռուբլի: Պայմանագրի պարտադիր պայմաններից է եղել ներկայացնել միջոցները ծախսելու մասին հաշվետվություն: Եթե հաշվետվություն չկա, ապա գումարը պետք է ամբողջությամբ վերադարձվի:
Երգչուհու կենդանության օրոք հարազատները ներկայացրել են փաստաթղթեր 4.120.959 ռուբլու վերաբերյալ: Իսկ մյուս գումարի` 20.890.831 ռուբլու մասին հաշվետվություններ չեն ներկայացվել: Այդ պատճառով էլ կան համոզիչ հիմքեր կարծելու, որ գումարը երգչուհու հաշվից անհետացել է:










