ՀՀ ԳԱԱ-ի անունը պետք է այսուհետ դնել քոսոտ. Անահիտ Բաշխյանը Ռադիկ Մարտիրոսյանի ԳԱԱ նախագահ վերընտրվելու մասին

20:48 • 28.06.16

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անունը պետք է այսուհետ դնել «քոսոտ». նման համոզման է եկել Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, երբ տեղեկացել է, որ ԳԱԱ նախագահ է վերընտրվել Ռադիկ Մարտիրոսյանը:

«Փաստորեն այդ բոլոր ընտրողները համաձայն են, որ Ակադեմիան է քոսոտ, ինչպես Ռադիկ Մարտիրոսյանը երկիրն անվանեց քոսոտ, իրենք էլ այս ընտրությամբ հաստատեցին, որ Ակադեմիան է քոսոտ։  Ուստի այսուհետ ՀՀ ԳԱԱ անունը դնում ենք ««քոսոտ»»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը:

Նշենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ են քվեարկել Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությանը, 19-ը՝ դեմ, 2-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր:

Դիտարկմանը, թե գուցե ուղղակի այլընտրանք չկա՞, Բախշյանը հակադարձեց. «Դա հնարավոր չի, այլընտրանք ինչպե՞ս կարող է չլինել, եթե իսկապես ծրագրերի ընտրություն է, հարց է առաջանում, վերջապես ի՞նչ են ընտրում: Հասկանալի է, չէ՞, որ Ռադիկ Մարտիրոսյանի ծրագրերը չեն ընտրել, նրա փայլուն առաջարկները չեն ընտրել: Ինչպե՞ս կարող է այլընտրանք չլինել, եթե հայտարարվի, որ ներկայացվում է թեկնածուների ծրագրերը, և նրանց մեջ հատկապես ուշադրություն են դարձնելու այսօրվա Հայաստանի տնտեսությանը, ռազմաարդյունաբերությանը զարգացնող առաջարկները, ինչ նոր մրցակցային  առաջարկներ են մտցվելու գիտության մեջ: Դա մրցակցություն պետք է բերեր ու զտվեր այն գործընթացը, որ նոր շունչ է տալու, նորարարություն է բերելու Ակադեմիային, բայց այս ի՜նչ են անում»:

Նա համաձայնեց, որ Ակադեմիայի կազմում բոլորն էլ տարիքով մեծ են, բայց գիտության ոլորտում երիտասարդներ ևս կան. «Չեմ հավատում, որ ցամաքել է Հայաստանում ապրող ազգի արգանդը: Ուղղակի ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ ով հարմար է քաղաքական կոնյունկտուրայի տեսակետից, նա էլ ընտրվում է, այսինքն՝ ոչ մի մրցակցություն, ոչ մի մրցույթ»:

Ակադեմիայի այս կազմին, Անահիտ Բախշյանի խոսքով, ձեռնտու է Ռադիկ Մարտիրոսյանը:

«Ինչպես «тише воды, ниже травы» եղել են, նրանցից ոչինչ չեն ուզել, այդպես էլ չեն ուզելու, այսինքն՝ նրանց կյանքը հանգիստ է եղել Ռադիկ Մարտիրոսյանի հետ, ով իրենց չի ասում՝ տղե՛րք այս ի՞նչ եք անում, ինչո՞ւ որևէ  գործ չեք անում, պահանջներ չեն դրվում, պատասխանատվության չկա, իրենք էլ լավ, հանգիստ, գլուխները խաղաղ ապրում են: Այսինքն՝ իրենք ընտրեցին  իրենց հանգիստ կյանքը, ոչ թե Հայաստանի Ակադեմիայի նախագահի»,-ասաց նա և եզրափակեց, թե առաջիկա մի քանի տարիները ևս պետք չէ ակադեմիայից նորություններ սպասել: