Էրդողանն ու Պուտինն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենան. Յըլդըրըմ

11:13 • 28.06.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ չորեքշաբթի կամ հինգշաբթի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

TRT Haber-ի եթերում Յըլդըրըմն օրակարգային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել:

 

Երեկ Կրեմլը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մահվան համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակով ներողություն է խնդրել:

 

Նախագահ Էրդողանն, իր հերթին, մեկնաբանել էր Պուտինին ուղարկած նամակը՝ ասելով, որ դրանում նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և հիշեցրել է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների մասին:

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է նաև, որ Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային Սու-24 ռմբակոծիչի խոցման համար։

 

Հիշենենք, որ Թուրքիայի զինուժը 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի մոտ խոցել էր ռուսական ռմբակոծիչը: Ինքնանետված օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսին փրկել էին սիրիական բանակի զինծառայողներն ու վերադարձրել ռազմաբազա:

 

Միջադեպի պատճառով լարվել էին ռուս-թուրքական հարաբերությունները: Պուտինը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել: