ԵՄ-ի առաջնորդները կքննարկեն կյանքը Brexit-ից հետո և գագաթնաժողով կանցկացնեն՝ առանց Քեմերոնի
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները պատրաստվում են Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Երեքշաբթի նրանք Դևիդ Քեմերոնի հետ կքննարկեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը, իսկ չորեքշաբթի նիստ կգումարեն արդեն առանց նրա:
Նրանք նաև մտադիր են ԵՄ-ի նոր գլոբալ ռազմավարության մասին առաջարկները լսել, քննարկել ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ու առնչվող այլ հարցեր:
Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Քեմերոնը հաղորդել էր, որ ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները կմեկնարկեն 2016 թվականի աշնանը՝ նոր վարչապետի ընտրությունից հետո: Սակայն հենց նույն օրը եվրոպական կառույցների ղեկավարները համաձայնեցված հայտարարությամբ էին հանդես եկել, որում նրանք կողմ էին արտահայտվել ԵՄ-ից Լոնդոնի արագ դուրս գալուն՝ անվստահության մթնոլորտ չստեղծելու համար:
Ավելի ուշ Լյուքսեմբուրգում անդամ երկրների նախարարների մեծ մասը հաստատել էր, որ Բրիտանիան չպետք է ձգձգի դուրս գալու գործընթացը:
ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ գագաթնաժողովի ընթացքում Քեմերոնից պաշտոնական հայտարարություն չեն սպասում, քանի որ հանրաքվեի արդյունքները երկրում քաղաքական ճգնաժամի են հանգեցրել, և իշխանությունները դեռ չեն հասցրել հավաքել մտքերը:










