ԱՄՆ-ում հրապարակվել են Հիլարի Քլինթոնի գաղտնի նամակները
Հունիսի 28-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքի պաշտոնական կայքում հաղորդվել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նամակների, այդ թվում՝ 30 ջնջվածների հրապարակման մասին։
Հրապարակված տվյալների հիմնական մասն է կազմում նախկին պետքարտուղարի նամակագրությունը Judicial Watch իրավապաշտպան կազմակերպության հետ։ Այլ նամակների թվում հրապարակվել են Քլինթոնի ջնջված հաղորդագրությունները, որոնք պահպանվել են նրա օգնական Հյում Էբեդինի էլեկտրոնային փոստարկղում։
Քլինթոնի էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալը սկսվել է 2015 թվականի մարտ ամսին։ Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ նա խախտել է ԱՄՆ դաշնային օրենքը, ըստ որի աշխատողները պետք է նամակագրություն վարեին միայն լրացուցիչ պաշտպանությամբ հատուկ կառավարական էլեկտրոնային համակարգից օգտվելով։ Դրա փոխարեն Քլինթոնն օգտագործել է իր անձնական էլեկտրոնային փոստը, որը գտնվել է իրեն պատկանող սերվերում։
Մտահոգություններ էին առաջացել, որ այսկերպ գաղտնի տեղեկությունները կարող են հաքերների ձեռքն ընկնել, սակայն Քլինթոնը պնդել է, որ իր անձնական էլեկտրոնային փոստով գաղտնի տեղեկություններով չի փոխանակվել։ Իր փոստից հարյուր հազարավոր հաղորդագրություններ ջնջելով, որոնք, իր խոսքով, անձնական նամակներ են եղել՝ նա իր սերվերը փոխանցել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո։
Ավելի ուշ պարզվել է, որ Քլինթոնի ուղարկած և ստացած մի շարք հաղորդագրություններ պատկանել են գաղտնի նամակների կատեգորիային։ Նաև պարզվել է, որ Guccifer ծածկանունով հայտնի ռումինացի հաքեր Լազար Մարչել Լեխելը կոտրել է նախկին պետքարտուղարի փոստը։










