Ադրբեջանը չէր կարող նման ռիսկի գնալ, եթե չիմանար, որ ՌԴ-ն առնվազն պահպանելու է չեզոքություն. Ն. Փաշինյան

18:59 • 28.06.16

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, նշեց, որ Ադրբեջանը չէր կարող նման ռիսկի գնալ, եթե չիմանար, որ ՌԴ-ն առնվազն պահպանելու է չեզոքություն:

«Առավելևս այն պարագայում, որ Ադրբեջանը հարձակվում էր ՌԴ-ի ռազմավարական գործընկերոջ վրա, Ադրբեջանը առյուծի սի՞րտ էր կերել, իհարկե ոչ: Եթե Ադրբեջանն առյուծի սիրտ կերած լիներ ու հարձակվեր, ապա ՌԴ-ն պետք է սառեցներ Ադրբեջանին զենքի վաճառքը»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ հենց պատերազմի օրերին ՌԴ-ն հայտարարեց, որ շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին, սրան հակառակ՝ ՀՀ-ն իր համար ամենավճռական պահին չունեցավ ու մինչ օրս էլ չունի անհրաժեշտ զենք-զինամթերքը:

«Ու այս կոնտեքստում ասել՝ ՌԴ-ին շնորհակալություն հայտնենք... Էնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, երևի դոզան անցել է, եկեք մի քիչ շնորհակալությունները ֆիքսենք, հետո մտածենք»,-ասաց նա:

Նա պաշտպանական համակարգի կոմպետենտության հարցը բարձրացրեց և նշեց. «Դուք ՀՀ-ում ռուսական ինքնաթիռները նույնիսկ գետնի վրա 10 մետր չեք կարող տեղաշարժել, եկել ասում եք՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժն օդ է բարձրանալու. թան էլ չէ, փրթած մածուն ձեզ: Մի հատ էլ ասում են՝ բա տենց գրած է, բա զենքի մատակարարման համաձայնագրում էլ էր գրած, գրած էր, որ զենք-զինամթերքը պետք է մատակարարվի, տեսնում ենք՝ ոնց է մատակարարվում:  Մեկ էլ ասում են՝ բա գիտեք, Ռուսաստանը տիեզերական հետախուզության տվյալները փաթաթելու է, տա ՀՀ-ին»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանն ունի իր շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել ՀՀ-ի շահերի հետ: «Այնտեղ, որտեղ համընկնում է, ասում ենք վայ, մեր հարազատ ախպերն է, որտեղ չի համընկնում՝ ասում ենք թշնամին է, սակայն ոչ թշնամի է, ոչ էլ եղբայր»,-ասաց նա: