ՀՀ ՔԿՀ-ներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ` պետական մակարդակով. քննարկում
Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումները հիմնականում անհատական բնույթ ունեն, համակարգային բարեփոխումներ չեն. «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը:
Դիտորդական խումբը հետազոտություններ էր իրականացրել Հայաստանում գործող մի շարք ՔԿՀ-ներում: Խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ այցելություններ են ունեցել Նուբարաշենի, Արմավիրի, Աբովյանի, Վարդաշենի, Երևանի, Կոշի ՔԿՀ-ում և դատապարտյալների հիվանդանոցում: Արձագանքել են հիմնականում հեռախոսազանգերին և մամուլում եղած հրապարակումներին: Նշեց, որ խնդիրների մեծ մասը վերաբերել են բուժսպասարկման խնդիրներին:
Դիտորդական խմբի անդամներից Արա Ղազարյանն էլ, խոսելով խոցելի խմբերի խնդիրների մասին, հիշատակեց վերջերս Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած մի դեպքի մասին. հոգեկան խնդիրներ ունեցողներից մեկին մահակով ծեծել էին:
«ՔԿՀ-ում պնդում էին, որ ծխախոտ էին պահանջում, չէին տալիս, սակայն կալանավորվածների հետ հանդիպման ժամանակ նրանք պատմեցին, որ ոչ թե ծխախոտ էին պահանջում, այլ նրանց խցում կար հոգեկան խնդիր ունեցող անձ, այդ օրը 3 անգամ բժշկական օգնության կարիք է զգացել: Նրանք պահանջել են օգնություն,սակայն ոչ մի բժիշկ այն ցույց չի տվել: Այդ պատճառով նրանք փորձել են անհնազանդություն ցուցաբերել, որ բժիշկները գան, օգնություն ցուցաբերեն: Նրանց տեղափոխել են այլ սենյակ և այնտեղ մահակով ծեծել»,- պատմեց Արա Խազարյանը՝ նշելով, որ ծեծված կալանավորների համար բժշկական փորձաքննություն էին նշանակել միայն չորս օր հետո, որոշ վնասվածքներ էլ չէին ֆիքսել:
«Խուցը դժոխքի էր նման. անմարդկային պայմաններ, շնչելու օդ չկար: Հոգեկան խնդիր ունենալով՝ վիճակն ավելի էր վատացել, և նրա նկատմամբ առանձնակի դաժանությամբ էին վերաբերվել»,- ասաց Արա Ղազարյանը:
Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն էլ նկատեց, որ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ միջանձնային հարաբերությունները. այնտեղ գործում են ոչ թե իրավական ակտերն ու նորմերը, այլ չգրված քրեական օրենքներ: Այդ օրենքների պատճառով էլ դատապարտյալներից շատերը վախենում են բողոքել իրենց խցիկից կամ վարչակազմից:
«Մեր ՔԿՀ-ներում անհրաժեշտ են հեղափոխական փոփոխություններ»,- ասաց նա՝ նշելով, որ դա պետք է կատարվի միայն պետական մակարդակով:










