Եթե ցուցակները չենք մաքրելու, վերանայելու, դրանք մնալու են թերի. Ստեփան Մարգարյան

11:57 • 28.06.16

Ազգային ժողովը շարունակում է քննարկել ««ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայցված օրենքների նախագծերի փաթեթը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ իրեն հուզող հարցերի պատասխաններից այնքան էլ գոհ չէ:

Անդրադառնալով ցուցակների մաքրմանը, նա պարզաբանեց, որ իրենց առաջարկները նույնականացման քարտերով քվեարկելու և այլնի վերաբերյալ ուղղված են նրան, որ ցուցակներում չլինեն մարդիկ, որոնք մեռած են կամ վաղուց երկրում չեն ապրում:

«Արտագաղթի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել երկրից, կարծում ենք, որ պետք է վերանայել, մաքրել ցուցակները, իսկ եթե դա չենք անելու,  ապա բոլորի մոտ կասկած է առաջանալու»,-ասաց նա և նշեց, որ իր գնահատմամբ այս օրենսգիրքը  շատ արատավոր մի քանի դրույթներ է պարունակում:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ երեք հարց է հատկապես վտանգներով լի համարում, առաջինը՝ ռեյտինգային քվեարկությունը, երկրորդը՝ հետընտրական կոալիցիաներ կազմելու սահմանափակումը և երրորդը՝ կայուն մեծամասնության սկզբունքը՝ բոնուսային մեթոդով:  Պատգամավորն ասաց, որ ցանկանում է հասկանալ, թե  քաղաքական ուժերը համարում են, որ կոնսենսուս կա իշխանության հետ Ընտրական օրենսգրքի շուրջ:

 

Եթե ցուցակները չենք մաքրելու, վերանայելու, դրանք մնալու են թերի. Ստեփան Մարգարյան