Թուրքիան ՌԴ-ի հանդեպ ճիշտ ուղղությամբ քայլ է կատարել. ՌԴ ԱԳՆ

16:15 • 28.06.16

Թուրքիան Ռուսաստանի հանդեպ ճիշտ ուղղությամբ լուրջ քայլ է կատարել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են հետագայում կառուցվելու Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները, գրում է ТАСС-ը:

 

«Տեղի են ունենում որոշակի քայլեր, գործողություններ Թուրքիայի կողմից»,- ասել է նա: «Դա ճիշտ ուղղությամբ լուրջ քայլ է: Անշուշտ, այն հաշվի է առնվել»,- հավելել է նա:

 

Երեկ Կրեմլը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մահվան համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակով ներողություն է խնդրել:

 

Նախագահ Էրդողանը, իր հերթին, մեկնաբանել էր Պուտինին ուղարկած նամակը՝ ասելով, որ դրանում նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար և հիշեցրել է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների մասին:

 

Հիշենենք, որ Թուրքիայի զինուժը 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի մոտ խոցել էր ռուսական ռմբակոծիչը: Ինքնանետված օդաչուներից մեկը զոհվել էր, մյուսին փրկել էին սիրիական բանակի զինծառայողներն ու վերադարձրել ռազմաբազա:

 

Միջադեպի պատճառով լարվել էին ռուս-թուրքական հարաբերությունները: Պուտինը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել: