Իսլամիստները սպառնում են սպանել Charlie Hebdo շաբաթաթերթի աշխատակիցներին

19:03 • 29.06.16

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն իր փարիզյան խմբագրությունում իսլամիստների կողմից հարձակման ենթարկվելուց մեկ ու կես տարի անց կրկին սպանության սպառնալիքներ է ստանում:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, վկայակոչելով ֆրանսիական արդարադատության մարմինների իր աղբյուրներին, Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել:

Հետաքննության տվյալներով` միայն հունիս ամսին Charlie Hebdo շաբաթաթերթ ֆեյսբուքյան էջին շուրջ 20 սպառնալիքներով լի հաղորդագրություն է ուղարկվել: Իսկ հունիսի 22-ին թերթի խմբագրություն նամակ է ստացվել` սպանության սպառնալիքներով ու «Ալլահու Աքբար» գրությամբ, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Աստված մեծություն է»: Թերթի խմբագրությունը դիմում է ներկայացրել ոստիկանություն:

Տվյալ գործով ձերբակալություններ դեռևս չեն եղել, սակայն հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ իսլամիստները շաբաթաթերթի փարիզյան խմբագրությունում հրաձգություն էին իրականացրել 2015-ի հունվարի 7-ին, որի հետևանքով 12 մարդ էր մահացել: