Երեկվա դրությամբ 1000 դրամ է փոխանցվել սելավից տուժած Արթիկի համար. քաղաքապետի կոչն անպատասխան է   

17:17 • 29.06.16

 

Չնայած Արթիկի սելավներից արդեն 5 օր է անցել, սակայն արթիկցիները դեռ չեն վերադարձել բնականոն  կյանքին:

Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը հունիսի 26-ին ֆեյսբուքում դիմել էր արթիկցիներին ու բոլոր հայ մարդկանց, օգնության խնդրանքով. «Անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները:
Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին»: 

Այսօր Tert.am-ը հետաքրքրվեց, թե որքան գումար է հավաքվել արթիկցիների աջակցության համար: Քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ասաց. «Երեկվա դրությամբ 1000 դրամ ընդամենը: Փոխանցել է Արթիկի քաղաքացիներից մեկը»:

Կառավարությունը դեռ որևէ լումա չի տվել: «Գումարային աջակցություն չկա, կառավարության նիստում պետք է որոշում կայացվի, որ լինի»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, թե հիմնական աջակցությունը կառավարության կողմից արվում է: Ըստ նրա՝ նաև «Կարիտաս»-ից, «Կարմիր խաչից», ՀԿ-ներից են գնացել Արթիկ և պատրաստակամություն են հայտնել օգնել:

Tert.am-ի դիտարկմանը, թե արդեն 5 օր է անցել աղետից, սակայն արթիկցիները բարձրաձայնում են, որ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել և իրենք հնարավորություն չունեն իրենց տներում բնակվելու: «Համամիտ չեմ տեսակետին, որ աշխատանքներ չեն կատարվում, ամեն ինչն էլ կատարվում է՝ աղետի պահից սկսված, մինչ այսօր: Հենց հիմա էլ աշխատանքներն ընթանում են, իրենց հերթով, իրենցր կարգով, սահմանված ձևով, կառավարության գործուն աջակցությամբ, անընդհատ էստեղ ներկայացուցիչներ կան: Քաղաքապետարանից, զինվորական մասից, դպրոցներից, բոլոր տեղերից էլ մարդիկ կան, համախմբված աշխատում են, և մարդկանց օգնողներ կան և քաղաքի փողոցներն են մաքրվում: Կարևորը հիմա այն է, որ կարողանանք ջուրը վերջնականապես վերադարձնենք իր հուն»,- պատասխանեց քաղաքապետը։ 

Արթիկցիները մամուլում բողոքել էին, որ սելավի արդյունքում փողոցներում անգամ սատկած կենդանիներ կան և դրանք չեն մաքրվել: «Չէ, չէ, դրանք հերյուրանքներ են: Ես էլ եմ արթիկցի, ասում եմ, որ նման բան չկա: Սանէպիդկայանից երեկ էլ են եղել, այսօր էլ: Իրավիճակը վերահսկելի է և շատ նորմալ»,- վստահեցրեց քաղաքապետը:

Արսեն Աբրահամյանն ասում է, որ ամիսներ կպահանջվեն, որ Արթիկն այս վիճակից դուրս գա: «Արթիկում բնականոն կյանքը կարելի է ասել, վերականգված է, ժամանակ է պետք, ջանքեր են պետք, աշխատանքներ են պետք: Էդ ամենն արվում է»,- ասաց նա։

Առաջիկայում Արթիկում կրկին ուժեղ տեղումներ են սպասվում, հնարավոր է սելավ լինի: Քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե այս դեպքում ինչ են անելու, արդյոք պատրաստ են: «Չեմ կարծում, որ նույնը կկրկնվի և այդպիսի սելավ կառաջանա: Եզակի էին նման տեղումները Արթիկի համար»,- ասաց քաղաքապետը: