Բեռլինում հրդեհվել են Վրաստանի ու Ֆրանսիայի դեսպանատների ավտոմեքենաները

13:52 • 29.06.16

Անցած գիշեր Բեռլինի տարբեր թաղամասերում այրվել է երկու ավտոմեքենա։ Ոստիկանությունը պատահարների հետաքննություն է անցկացնում ու պարզում է երկու դեպքերի միջև հնարավոր կապը, հաղորդում է РИА Новости-ն։

 

Գիշերը տեղի ժամանակով մոտավորապես ժամը 2։35-ին այդ վայրով անցնող մի վարորդ զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն և հայտնել, որ Գարտենշտրասե փողոցում Mercedes Benz Vito մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Դիվանագիտական համարանիշով ավտոմեքենան պատկանում է վրացական դեսպանությանը։ Ավտոմեքենան լուրջ վնասներ է կրել, իսկ մոտակայքում գտնվող այլ մեքենաներ չեն բռնկվել, հաղորդում է մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Երկրորդ ավտոմեքենան (Renault), որը պատկանում է ֆրանսիական դեսպանությանը, հրդեհվել է Շենեբերգ թաղամասում՝ առաջին տագնապային ազդանշանից կես ժամ անց։ Հրշեջները մարել են հրդեհը, իսկ մոտակայքում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան վնասվել է։

 

Մեղավորներին փնտրում են, այլ մանրամասներ չեն հաղորդվում։