Մարին Լը Պենը Շենգենյան համաձայնագիրը չեղարկելու կոչ է արել

14:12 • 29.06.16

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը պահանջել է Շենգենյան գոտին չեղյալ հայտարարել։ Այդ մասին նա հայտնել է հունիսի 29-ին ֆրանսիական LCI ռադիոկայանի եթերում, հաղորդում է Lenta.ru-ն։

 

Լը Պենի խոսքով՝ իր կուսակցությունը «մեր իսկ անվտանգության ապահովման համար պահանջում է Շենգենյան համաձայնության անհապաղ չեղարկում»։ Դրանից բացի, նա քննադատել է Եվրամիության վարած քաղաքականությունն ու նշել է, որ եթե ինքը նախագահ դառնա, ապա վեց ամսվա ընթացքում կնախաձեռնի ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե։ Նա նաև բողոք է հայտնել, որ այս և բազում այլ հարցերի շուրջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից բացակայում են կառուցողական երկխոսությունների առաջարկները։

 

Մարին Լը Պենն արդեն բազմիցս հայտնել է 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին։ Նա հայտնի է որպես Ֆրանսիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հետևողական կողմնակից։