ՊՆ չարաշահումների գործով կալանավորված ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետը կալանքից ազատվել է

11:00 • 29.06.16

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ,գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը հունիսի 28-ին փոխվել է, նա ազատ է արձակվել:


Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից` նշելով. «Խափանման  միջոցը   փոխվել է  գործը վերահսկող  դատախազի որոշմամբ,  հիմքերի մասին   տեղեկություններ ստանալու  համար դիմեք Դատախազություն»:


Նշենք, որ Մելսիկ Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ մեկ օր անց տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ: Նա  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ, որն առաջացրել է  ծանր հետևանքներ: Իսկ գնդապետ Մելսիկ Պապյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։


Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։


Tert.am-ի տեղեկություններով Մելսիկ Չիլինգարյանը առողջական խնդիրներ ունի ու պետք է վիրահատության ենթարկվի:


Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ձևավորված հասարակական կարծիքի հիմնական պահանջն էր պատժել Պաշտպանության նախարարությունում և այլ կարևոր օղակներում  մեղավորներին, որոնց թերացումների և հնարավոր է, կոռուպցիոն վարքագծի պատճառով  ապրիլյան պատերազմի առաջին օրերին  հայկական կողմն  ավելի շատ մարդկային ու դիրքային կորուստներ ունեցավ:  


Մինչ այս հասարակական պահանջը ձևավորվում ու ավելի հստակ ուրվագիծ էր ստանում, ապրիլի 26–ին  եղան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերը՝  որոնցով պաշտոններից ազատվեցին  Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ապա կալանավորվեց  ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին  պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը:  Նրա հետ ձերբակալվեցին նաև գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: