Նորզելանդական բնակավայրը «տառապում» է աշխատատեղերի ավելցուկից

16:12 • 29.06.16

Նոր Զելանդիայի Հարավային կղզում գտնվող Կաիտանգատա բնակավայրի բնակիչները մեծ քաղաքների բնակիչներին հրավիրում են տեղափոխվել իրենց մոտ, քանի որ այնտեղ շատ աշխատատեղեր և ազատ տներ կան, հաղորդում է The Guardian-ը։

 

Նոր բնակիչների ուշադրությունը գրավելու համար նրանց առաջարկում են Կաիտանգատայում տուն գնել 163 հազար դոլարով։ Նշվում է, որ Կլուտայի մարզում, որի մեջ մտնում է Կաիտանգատան, կա մոտ 1000 թափուր աշխատատեղ։

 

«Գործազրկությունը երիտասարդների շրջանում նվազել է մինչև երկուսը։ Ոչ թե երկու տոկոս, այլ երկու մարդ։ Մեր բնակավայրում ընդամենը երկու գործազուրկ երիտասարդ կա»,- հայտնել է Կլուտայի մարզի ղեկավար Բրայան Քեդոգանը։

 

Նշվում է, որ տեղի բնակչությունը նույնպես սպասում է նորաբնակների գալուն։

 

«Մեր հասարակությունը հնաոճ է՝ տները չենք կողպում, երեխաներն ազատ խաղում են։ Ունենք աշխատատեղեր, տներ, իսկ մարդիկ չկան։ Ուզում ենք, որ բնակավայրը վերակենդանանա, և գրկաբաց սպասում ենք նորաբնակներին»,- ասել է տեղի բնակիչ Էվան Դիկը։

 

Կաիտանգատայում ապրում է մոտ 800 մարդ։

Նորզելանդական բնակավայրը «տառապում» է աշխատատեղերի ավելցուկից