Հռոմի պապը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը

16:32 • 29.06.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 41 մարդ:

 

«Երեկ երեկոյան Ստամբուլում իրագործվել է անմարդկային ահաբեկչական հարձակում, որի հետևանքով զոհվել ու վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: Աղոթենք զոհերի, նրանց ընտանիքների անդամների ու թանկագին թուրք ժողովրդի համար»,-ասել է պոնտիֆիկոսը` դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված հավատացյալներին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննությունը շարունակվում է:


Մի կողմից շարունակվում է զոհերի ինքնության ճանաչման գործընթացը, մյուս կողմից թուրք իրավապահները փորձում են բացահայտել մահապարտների ինքնությունը:

 

Հաղորդվում է, որ ահաբեկիչները, հավանաբար, օտարերկրյա քաղաքացիներ են: Պայթյունից նրանց մարմինները մասերի են բաժանվել, ինչը դժվարացրել է իրավապահների գործը:

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ահաբեկչության մեջ «Իսլամական պետության» հետքը կա: