Թուրքիա զբոսաշրջային հոսքի վերականգնման հարցը շուտ չի բարձրացվի. ՌԴ պատգամավոր

12:36 • 29.06.16

Թուրքիա զբոսաշրջային հոսքի վերականգնման հարցը շուտ չի բարձրացվի, այդ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը չի նվազում: Այդ մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդեցության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էռնեստ Վալեևը՝ մեկնաբանելով Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը:

 

Երեքշաբթի օրը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված երեք պայթյուն է տեղի ունեցել՝ մուտքի, ելքի և ավտոկայանի մոտ: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 36 մարդ, 147-ը վիրավորվել է:

 

Վալեևը ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ: Նրա խոսքով՝ Թուրքիայում, Եգիպտոսում, որտեղ նույնպես ավելի վաղ դադարեցվել է ՌԴ-ից զբոսաշրջային հոսքը, ահաբեկչական իրադրությունը պահպանվում է, ահաբեկչական վտանգի մակարդակը չի նվազում:

 

«Զբոսաշրջիկներին կրկին այդ երկրներ այցելել խորհուրդ տալը դեռ օրակարգում չկա: Այո, հայտնվել են Թուրքիայի կողմից հարաբերությունների բարելավման առաջին նշանները: Բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այդ հարցին Ռուսաստանում շուտ չեն վերադառնա, այդ հարցը վաղաժամ է»,- ասել է Վալեևը:

 

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին, որում ներողություն էր հայտնել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման համար։