Ոստիկանները վարորդից «քաշել վերցրել են» բջջային հեռախոսը, ապա վերադարձրել ու պահանջել ջնջել տեսանյութը. քննություն է ընթանում
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է քաղաքացիներից մեկի ահազանգն այն մասին, որ Աշտարակ-Ապարան մայրուղու վրա ճանապարհային ոստիկաններն իրենից «քաշել վերցրել են» բջջային հեռախոսը, ապա վերադարձրել ու պահանջել ջնջել՝ իր խախտման մասին ոստիկանների կողմից ցուցադրած տեսանյութը, որը քաղաքացին նկարահանել էր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Tert.am-ին ասաց, որ կատարվածն ուսումնասիրվում է:
«Այո, տեղյակ ենք, ուսումնասիրում ենք, լրացուցիչ կտեղեկացնենք ընթացքի մասին»,- նշեց Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ քաղաքացի Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի հետ միասին գրառում է արել. «Աշտարակ-Ապարան ճանապարհին ոստիկաններն կանգնացրեցին, թե 70 է սահմանված դու 85 ես գնացել, քանի որ կասկածում էի, ասի ցույց տվեք։ Գնացինք նայելու, չէին ուզում ցույց տային, ասում էին 20 րոպե սպասի, նոր կհասնի քո կադրը։ Իսկ ես ուշանում էի։
Սկսեցի նկարել, սկզբում ասին նկարի, ինչ ես ուզում, ինչ պտի անես, հետո էլ բա մի նկարի ու ձեռիցս հեռախոսը քաշին, վերցրին քցին իրենց մեքենան ու մի 15 րոպե չէին տալիս, թե չենք վերցրել, շառ ես անում։ Երբ որ գնացի մեքենաս նստեմ գնամ, հեռախոսը բերեց, նստեց կողքս թե ջնջի, ես էլ չջնջեցի, մի 20 րոպե կողքս նստել հրամայում էր, թե ջնջի, վերջը մի կերպ դուրս եկավ, ես էլ գնացի»:










