ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը վաղուց էր եկել. դրա պահպանման միակ մեղավորն Ադրբեջանն է. Է. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում ստատուս քվոն փոխելու ժամանակը վաղուց էր եկել, և ստատուս քվոյի պահպանման միակ մեղավորն Ադրբեջանն է:
«Ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ո՛չ Հայաստանի Հանրապետությանը ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չէ, որովհետև մեր նպատակը առկա իրավիճակը չէ։ Մեր նպատակն Արցախի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումն է, որպեսզի այդ ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախը ստանա նման իրավունք և դառնա միջազգային հանրության ամբողջական սուբյեկտ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը:
Շարմազանովի խոսքով՝ ստատուս քվոյի փոփոխման հիմնական մեխն ու սկզբունքը պետք է լինի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի անցկացման և ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը, բայց ոչ երբեք Ադրբեջանի կազմում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը, այն անկայուն է:










