Սոչիում փոթորիկի նախազգուշացում է տրվել հորդառատ անձրևների և ջրհեղեղի վտանգի պատճառով

19:48 • 30.06.16

Սոչիում փոթորիկի նախազգուշացում է հայտարարվել հորդառատ անձրևների, գետերում ջրի մակարդակի բարձրացման և ջրհեղեղի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է առողջարանի ղեկավարությունը:

Հաղորդվում է, որ հինգշաբթի երեկոյից մինչև շաբաթ առողջարանային քաղաքում սպասվում են ամպրոպներով ուղեկցվող ուժեղ անձրևներ, տեղ-տեղ նաև կարկուտ: 

«Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել: Չի բացառվում, որ գետերում ջրի մակարդակի բարձրացում տեղի կունենա,ինչպես նաև հարթավայրերի հեղեղում: Լեռնային շրջաններում հնարավոր են սողանքներ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները խնդրում են հյուրերին և քաղաքի բնակիչներին զգոնություն ցուցաբերել, ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ հրաժարվել բաց բնության գրկում հանգստանալու ծրագրերից, հատկապես` գետերի մոտակայքում: