Մարդկությունը՝ որպես նոր կենդանատեսակների առաջացման պատճառ
Կոպենհագենի համալսարանի կենսաբանները բացահայտել են մարդու գործունեության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, հաղորդում է ամերիկյան Science Daily գիտական նորությունների կայքը։ Proceedings of the Royal Society B գիտական ամսագրում հրապարակված հոդվածի մեջ հեղինակները պատմում են, որ մարդիկ ոչ միայն կենդանիների ու բույսերի անհետացման պատճառ են հանդիսանում, այլև խթանում են նոր տեսակների առաջացումը։
Նախկինում գոյություն չունեցած օրգանիզմների առաջացմանը նպաստում են կենդանիների ու բույսերի ընտելացումը, որսորդության արդյունքում տեղի ունեցող անբնական սելեկցիան (կենսաբանական ընտրությունը) և նոր համակարգերի՝ քաղաքների ու գյուղատնտեսական տարածքների, առաջացումը։ Գիտնականներն ընդգծում են, որ նոր տեսակներն ի վիճակի չեն փոխարինել անհետացած տեսակներն ու պահպանել բնական էկոհամակարգերի կայունությունը։
Գիտական հոդվածի մեջ բերվում է մարդու կողմից խթանված տեսակի առաջացման մի օրինակ։ Վերջերս հայտնի է դարձել, որ Լոնդոնի մետրոյում բնակություն են հաստատել հասարակ մոծակները և մեկուսացված պոպուլյացիա ստեղծելով՝ հարմարվել բնակության նոր միջավայրին։ Քանի որ այդ միջատները գենետիկական պատճառներով չեն կարողանում մնացած մոծակների հետ խաչասերվել, կարելի է խոսել նոր տեսակի առաջացման մասին։
Ընթացիկ գնահատականների համաձայն՝ սառցե վերջին դարաշրջանից հետո անհետացել են 255 տեսակի կաթնասուններ և 523 տեսակի թռչուններ։ Միևնույն ժամանակ մարդկությունն ընտելացրել է 470 կենդանատեսակ և մոտ 270 բուսատեսակ։










