ՄԱԿ-ի հումանիտար շարասյունը կրակահերթի տակ է հայտնվել Դամասկոսի արվարձանում

23:54 • 30.06.16

ՄԱԿ-ի` մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյունը հրազենից բացված կրակահերթի տակ է հայտնվել Դամասկոսի մերձակայքում, ինչի հետևանքով բեռնատար մեքենաներից մեկի վարորդը վիրավորվել է կրծքից:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:

Վերջինիս խոսքով` հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Գուտա շրջանում: Նշվում է, որ շարասյունը վերադառնալիս է եղել շրջափակման մեջ գտնվող Զամալկա և Արբին բնակավայրերից, ուր օգնություն է հասցրել 20 000 բնակչի համար:

Դյուժարիկը հայտնել է, որ վարորդի վիճակը կայուն է գնահատվում:

ՄԱԿ-ում կատարվածն անընդունելի են անվանել և պահանջել են, որ հակամարտության կողմերը Սիրիայում ապահովեն հումանիտար կազմակերպություններ աշխատակիցների անվտանգությունը: