ԱՄՆ-ում վաճառքի է հանվելու Shelby Cobra ռոդսթերի առաջին նմուշը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան RM Sotheby’s աճուրդում վաճառքի կհանվի Shelby Cobra CSX 2000 եզակի ռոդսթերը: Motor.ru-ի փոխանցմամբ` դա ամենաառաջին Cobra մոդելն է, որը կառուցել է ամերիկացի ավտոմրցարշավորդ և մեխանիկ Քերոլ Շելբին:
Shelby Cobra օրիգինալ մոդելը ներկայացվել է 1962 թվականին, երբ Շելբին բրիտանական AC Ace սպորտային մեքենայի շասսին հարմարեցրեց 4.2 լիտր ծավալային, 8 մխոցային Ford Windsor շարժիչին, որը 260 ձիաուժ հզորություն է զարգացնում: Ռոդսթերը 100 կմ/ժամը զարգացնում էր 4.2 վայրկյանում, իսկ մրցարշավային 402 մետր տարածությունն անցնում էր 13.8 վայրկյանում:
Shelby Cobra CSX 2000 մոդելը հետագա տարիներին ուսումնասիրության հիմք է հանդիսացել տարբեր մեքենաշինական ընկերությունների համար, ինչպես նաև ցուցադրվել է ԱՄՆ-ում կազմակերպվող թեմատիկ միջոցառումների ժամանակ:
Վաճառքի հանվող ռոդսթերը մինչև Քերոլ Շելբիի մահը 2012-ին պատկանել է հենց իրեն:
Աճուրդը տեղի կունենա օգոստոսի 19-ին Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում:













