Արխանգելսկի բնակիչ Ժերար Դեպարդիեն մտադիր է փոխել իր անուն-ազգանունը

00:35 • 01.07.16

ՌԴ Արխանգելսկ քաղաքի բնակիչ Ժերար Դեպարդիեն, ում տուգանել են 300 ռուբլի գումարով, առաջիկայում մտադիր է փոխել իր անուն-ազգանունը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 51-ամյա բնակչին հինգշաբթի բռնի կերպով բերման են ենթարկել Օկտյաբրսկի շրջանի ոստիկանության բաժին: Նշվում է, որ 51-ամյա քաղաքացին արդեն հասցրել է 24 անգամ փոխել իր անունն ու անձնագիրը:

Նախկինում Ժերար Քսավիեմարսելի Դեպարդիեն, ով ծնունդով Անդրեյ Վալենտինի Խրիստոֆորով է եղել, 2003 թվականից հետո հասցրել է մի շարք անվանափոխություններ անել և դառնալ անգամ Դմիտրի Անատոլի Մեդվեդև, Վլադիմիր Վլադիմիրի Պուտին:

ՌԴ քաղաքացին նշել է, որ իր նոր անունը խաղի միջոցով կընտրի: Վերջինիս տղան փայտով ավազի վրա պատկերներ պիտի գծի, որոնց արդյունքում տղամարդը կորոշի, թե ինչ անուն է ընտրելու: