Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում պաշտոնյայի մասնակցությամբ կալանավորին խոշտանգում են

13:45 • 01.07.16

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորների նկատմամբ անօրինական ճնշումներ են գործադրվում, որում մասնակցություն ունեն նաև ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները. այսօր հրավիրված ասուլիսին ահազանգեցին Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները: 

«Ճնշումների մասին խոսում են բոլորը՝ կալանավորները, պաշտպանները, հարազատները, բայց չեն բարձրաձայնում, քանի որ գիտեն՝ գտնվում են կալանավայրում, որտեղ հարցը բարձրաձայնելը կյանքի և մահու հարց է»,-ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը: 

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները կոնկրետ օրինակ ներկայացրեցին, որ դատապարտյալներից Հրաչյա Գևորգյանը Նուբարաշեն ՔԿՀ-ում խոշտանգումների է  ենթարկվում:  

«Մենք չենք բարձրաձայնում նրա` անմեղ կամ մեղավոր լինելու խնդիրը, այլ՝ ապրել ու չապրելու խնդիրը»,-ասաց փաստաբանը և նշեց, որ նա պատիժ է կրում 2011թ-ից, իսկ գործը ասոցիացիայի ուշադրության ներքո է 2012թ-ից: 

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշեց, թե դատապարտյալի նկատմամբ ի սկզբանե ճնշումներ են կիրառվել, նա ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի միայն այն պատճառով, որ «ինչ-որ ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա առաջարկ է արել, որից նա հրաժարվել է»: 

Թե ինչ առաջարկ է արել, Դանիելյանը միայն նշում է՝ գործարքի առաջարկ, և խորհուրդ է տալիս, որ լրագրողներն ինքնուրույն պարզեն: 

Այնուհետև փաստաբանը ներկայացրեց, որ Հրաչյան առողջական խնդիրներ է ունեցել, պահանջվել է բուժում: Ապա տեղափոխել են ՔԿՀ-ի հիվանդանոց, որտեղ էլ, ըստ Հրաչյա Գևորգյանի, իրեն  թունավորել են, ներարկել նյութ, որի արդյունքում նա ծանր վիճակում է  հայտնվել:  

«Տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց, որտեղ կոմայի մեջ է մտնում, 15 օր կոմայի մեջ մնալուց հետո նա ուշքի է գալիս, որից հետո արդեն խոսելու, քայլելու, կուլ տալու ունակությունը կորցնում է: Համապատասխան  բուժում տալու փոխարեն նորից տեղափոխում են Նուբարաշեն: Մարդը հնարավորություն չունի ինքնուրույն տեղաշարժվելու, սակայն նրան նույնիսկ պետքարանից օգտվելու համար չեն օգնում»,-ասաց փաստաբանը և նշեց, թե չնայած դրան՝ բոլոր փաստաթղթերում գրվում է, որ նա համապատասխան բուժում է  ստանում: 

Ի դեպ, տեղեկացնում են, որ թունավորման հարցով քրեական գործ է հարուցվել, որը ձգձգվում է: 

Այնուհետև, ըստ նրանց, կալանավորը 4 օր փսխում է, արյուն տեսնում, սակայն նրան ՔԿՀ հիվանդանոց չեն տեղափոխում այնքան, որ պատահաբար մի դատախազ է գալիս իր գործերով, արյուն է տեսնում գետնին և պարզելուց հետո՝ հիվանդն ով է, նրան տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ ասում են, որ կա արյունահոսող խոց: Հրաչյա Գևորգյանը նաև «Պարկինսոնի» հիվանդությամբ է տառապում, ունի «Հեպատիտ C» և մի շարք այլ հիվանդություններ, որը ազատ արձակելու  պատճառ է, բայց անտեսում են: 

Նինա Կարապետյանցը նշեց, թե իրենց յուրաքանչյուր հայտարարությունից հետո նրա վիճակն ավելի է վատանում, քանի որ ճնշումներն ավելանում են:

«Սայլակի վրա գտնվող մարդուն, գալիս մտնում են սենյակ, ոտ ու ձեռ են առնում, գցում գետնին ու ասում, որ ամեն անգամ, որ քո անունից հրապարակում տարածեցիր, իմացիր, որ սենց է լինելու»,-ասաց նա և հավելեց, թե վստահ են, որ սա ՔԿՀ-ից հերքելու են: 

Ասոցիացիայից տեղեկացրել են Օմբուդսմենին, Արդարադատության նախարարությանը կից գործող արագ արձագանքման խմբին, ովքեր ևս հաստատել են նույն խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի մասին: 

Փաստաբանն ամփոփեց, որ ՔԿՀ-ներում միայն 2015թ-ին 25 մարդ է մահացել հիվանդություններից, և որևէ  երաշխիք չկա, որ Հրաչյա Գևորգյանը չի լինելու հաջորդը:

Նրանց խոսքով՝ ՔԿՀ-ից նորմալ ադեկվատ արձագանք չեն կարողանում ստանալ: 

«Ասում են՝ սիմուլյացիա է անում, բայց հավատացնում ենք՝ այդ հիվանդություններով սիմուլյացիա անել հնարավոր չէ»,-ասաց փաստաբանը: