Ռոնալդ Ռեյգանի անձնական իրերը կհանվեն աճուրդի

13:03 • 01.07.16

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին պատկանած իրերը, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերից ու հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայից ստացած նվերները, կհանվեն աճուրդի:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, նախքան սեպտեմբերի 21-22-ը վաճառքի հանվելը տվյալ նմուշները կցուցադրվեն Լոնդոնում: Ցուցադրությունը կբացվի ուրբաթ օրը:

 

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ Միացյալ Նահանգների նախկին ղեկավարին պատկանած իրերի վաճառքով կզբաղվի Christie’s աճուրդի տունը:

 

Հայտնի է, որ աճուրդի են հանվելու տարատեսակ գրքեր, արվեստի գործեր, կահույք, հագուստ ու զարդեղեն:

 

Ենթադրվում է, որ նմուշների վաճառքից ստացված գումարը կգերազանցի 2 մլն դոլարը: Աճուրդից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական հիմնադրամին:

 

Հիշեցնենք, որ Ռեյգանն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում է եղել 1981-1989թթ.: Նա մահացել է 2004թ.: