Ռուսական «Սու-24» օդանավի մահացած օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից

18:55 • 01.07.16

«Սու-24» ինքնաթիռի մահացած օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից՝ թուրքական իշխանությունների առաջարկ անվանելով ստորացուցիչ, հաղորդում է Говорит Москва-ն։

Օդաչուի եղբոր խոսքերով՝ ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել։

«Իհարկե, սա անհեթեթություն է, և ոչ մեկը չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում խնդրել։ Մի՞թե մենք հիմա ինչ-որ փոխհատուցումներ ենք խնդրելու։ Այդպիսի գաղափար անգամ չկար։ Նույնիսկ եթե փոխհատուցում առաջարկեն, ոչ մեկը չի ընդունելու։ Սա ոչ թե ստորացուցիչ է, այլ ահավոր»,- ասել է օդաչուի եղբայր Պավել Պեշկովը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական Կեմեր առողջարանի իշխանությունները հանդես են եկել զոհված օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ինքնաթիռը ոչնչացրել է ռուսական ռմբակոծիչ «Սու-24»-ը սիրիական Լաթաքիայում՝ թուրքական սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա։