Ես` ՀՀ քաղաքացիս, օտար երկրում եմ` սոված, մոլորված, ի՞նչ է անում կառավարությունն ինձ վերադարձնելու համար. Լարսում մնացած քաղաքացի
Լարսում արգելափակված Գարեգին Կարապետյանը 9 մղձավանջային օրեր է անցկացրել և այսօր դեռ Լարսում է, որտեղից երեկ, նրա խոսքով՝ իր աչքի առաջ մեկնել է Հայաստանի քաղաքացիներին դեպի Բեսլանի օդանավակայան տեղափոխող ավտոբուսը:
Tert.am –ի հետ զրույցում Գարեգինը մանրամասնեց , որ Լարսի անցակետում արգելափակվելուց հետո այս 9 օրվա ընթացքում - Լարս- Վլադիկավկազ- Սոչի-Նովոռոսիյսկ- Սոչի- Լարս երթուղով փորձել է գտնել դեպի Հայաստան վերադառնալու այլընտրանքային ճանապարհներ:
Վերադառնալով Լարս` տեսել է, թե ինչպես է Հայաստան գնացող վերջին ավտոբուսն իր աչքի առաջ ուղղություն վերցնում դեպի Բեսլանի օդանավակայան: Զանգահարել է ԱԻՆ, որտեղից նրան ասել են. «Մենք վերջացրեցինք, մարդկանց ոնց ուզում եք հասեք, ուզում եք մնացեք, ուզում եք գնացեք, Ձեր գործն է»:
Գարեգինին գրեթե նույն բանն ասել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչը` Արտակ Ղազարյանը` մանրամասնելով, որ փրկարարական աշխատանքներն ավարտված են, և ինքն արդեն գտնվում է Մոսկվայում, ոչ մի օգնություն էլ չի ցուցաբերվելու:
Հիմա ՀՀ քաղաքացին Լարսում է և նրա տվյալներով` այնտեղ կա նաև մեկ ընտանիք` մանր երեխաներով, ինչպես նաև ավտոբուսներով ու մարդատար մեքենաներով՝ շուրջ 48 անձ: Չհաշված բեռնատարների վարորդները:
«Կային և դեռ կան մարդիկ, որոնք հեռու ռեգիոններից են, կային, որ տրանզիտ պետհամարանիշներով էին: Իսկ մոտ ռեգիոններից մարդիկ էլ փորձում էին ինքնուրույն էժան ճանապարհներով վերադառնալ»,-նշեց Լարսում մնացած քաղաքացին:
Ըստ Գարեգինի` հատկապես ծանր վիճակում են այն մարդիկ, որոնք նախատեսել էին 2-3 օրվա ճանապարհ անցնել և «դալնաբոյշիկ» վարորդները, որոնց մեքենաները բեռնված են թանկ ապրանքներով ու վերջիններս վախենում են ոչ միայն իրենց, այլև իրենց բեռերի անվտանգության համար:
Նա պատմեց, որ եղանակային պայմանները Վլադիկավկազում նորմալ էին, շատ շոգ չէ, +18 աստիճան:
«Ու թեև կար վրանային ավան, մարդիկ չէին գնում այնտեղ քնելու, ոմանք փորձում էին գտնել ինչ-որ հյուրանոցներ: Սնունդի առումով. ամեն մեկն իր սնունդն էր կազմակերպում: Մարդիկ իրենք փող էին հավաքում, գնում ինչ-որ բան առնում, սնվում էին` ոնց կարողանում էին: Իսկ այստեղի` անցակետի մոտի խանութը բավական թանկ գներ է դրել»,- պատմեց Գարեգինը:
Նշված երթուղիներով այլընտրանքային ճանապարհներ փնտրելիս, Գարեգին Կարապետյանը զանգահարել է ՀՀ ԱԻՆ, ՌԴ ԱԻՆ, Հայաստանի տրանսպորտի նախարարություն, Հայաստանի արտգործնախարարություն, Կառավարության «թեժ գիծ»: Գարեգինի խոսքով` ամենացնցող պատասխանը ստացել է Կառավարության «թեժ գիծ» զանգահարելով:
«Զանգել եմ, պատմել եմ, որ ունեմ ինֆորմացիա Տրանսպորտի նախարարությունից, որ «Սպայկա» ընկերությունը վարձելու է 3 լաստանավ ու խնդրել, որպեսզի կառավարությունն այս ընկերությանը ինչ-որ կերպ հորդորի, որ ՀՀ քաղաքացիներին վերցնեն, տեղափոխեն դեպի Վրաստան: Անձը շատ լղոզված պատասխաններ էր տալիս ու շատ դժգոհ, ես տվել եմ ընդամենը մեկ հարց` ես ՀՀ քաղաքացի եմ, գտնվում եմ օտար երկրում, ես սոված եմ, ես ծարավ եմ, ես կորած եմ, ես մոլորված եմ, ինչ է անում կառավարությունն ինձ վերադարձնելու համար, ինձ ասել են` «ոչ մի բան, Լարսը մենք չենք փակել, մենք չենք բացում»,- վերապատմեց Գարեգինը:
Կառավարության պատասխանից ահավոր բարկանալով` Գարեգինը փորձել է գնալ Իլյիչևսկ, սակայն հասկանալով, որ Ուկրաինան վատ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, որոշել է, որ այդ ճանապարհը ոչ միայն բավականին թանկ է, այլև անվտանգ չէ, ուստիև՝ հրաժարվել է այդ մտքից: Սրանից հետո զանգահարել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից խորհուրդ են տվել զանգել ՌԴ ԱԻՆ:
Ի դեպ, ՀՀ Տրանսպորտի նախարարությունից էլ Գարեգինին խորհուրդ են տվել գնալ` Սոչի և այնտեղից Բաթում փոխադրվել և կամ զանգել Սոչիում ՀՀ հյուպատոսություն, որտեղից ոչ մի հեռախոսահամար չի պատասխանել:
Ինչևէ, երեկ Լարսում Գարեգինն ականատես է եղել, թե ինչպես ԱԻՆ-ը հրաժարվել է միասին ավտոբուս նստեցնել ամուսիններին և ծնողների լիազորագրով նրանց հանձնված անչափահաս երեխային:
«ԱԻՆ-նն ասում էր`«ես կնոջը կտեղափոխեմ, բայց դուք (ամուսինն ու երեխան) պետք է մնաք, չնայած նրանց բացատրում էին, որ, եթե կնոջը տեղափոխեն` երեխան չի կարող վերադարձվել Հայաստան, որովհետև երեխաների ծնողների` երեխայի համար լիազորագիրը հենց կնոջ անունով է, եթե կնոջը վերցնում եք, ապա նա դառնում է ապօրինի»,– պատմեց նա:
Լարսում մնացած Գարեգինը հիմա էլ նամակ է պատրաստում տեղի` Հյուսիսային Օսիայի Հանրապետություն -Ալանիայի ԱԻՆ դիմելու համար, որպեսզի նրանք` այնտեղ մնացածների մասին ինֆորմացիան ևս մեկ անգամ փոխանցեն իրենց հայ գործընկերներին:
Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի ԱԻՆ–ին ուղղված դիմումը













