Դաքքայի ռեստորանում պատանդների մեծ մասը օտարերկրացիներ են
Բանգլադեշի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում պահվող պատանդների թվում յոթ իտալացի կա, հաղորդում է RAI հեռուստաալիքը՝ հղում անելով Բանգլադեշում Իտալիայի դեսպան Մարիո Պալմային։
Իտալական ԱԳՆ-ի աղբյուրը հաղորդել է, որ իտալացի պատանդներից մեկին հաջողվել է փախչել և հենց նա է տվյալներ տվել, որ ռեստորանում յոթ իտալացի կա։ Ըստ Reuters-ի տեղեկության՝ յոթն էլ գործարարներ են։
Նշենք, որ զինված մարդիկ հարձակվել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա։ Ոստիկանության հետ հրաձգության հետևանքով երկու գրոհային սպանվել է։ Պատանդների թվում մեծ մասամբ օտարերկրացիներ են։ Ըստ տարբեր գնահատականների՝ տուժածների թիվը 25-ից 40-ի միջև է տատանվում։
Հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։










