Իսպանիայի զբոսաշրջային Բենիդորմ քաղաքում վագրը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցուհուն

11:41 • 03.07.16

 

 

Վագրը սպանել է իսպանական զբոսաշրջային Բենիդորմ քաղաքում գտնվող Terra Natura կենդանաբանական այգու աշխատակցուհուն, գրում է РИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հաղորդվում է, որ վագրը հարձակվել է կնոջ վրա այն բանից հետո, երբ նա «անզգուշությամբ» բաց է թողել կենդանիների մոտ տանող դուռը:

Տեղի Alicante Actualidad պորտալի տվյալներով՝ կենդանաբանական այգու աշխատակիցները քնեցրել են վագրին քնաբերի միջոցով և դուրս են հանել վանդակից մահացած աշխատակցուհուն: Փորձագետները 37-ամյա կնոջ մարմնի վրա հայտնաբերել են ծանր վնասվածքներ։

Նշվում է, որ նա կենդանաբանական այգում էր աշխատում մոտ ութ տարի և ամենափորձառու աշխատակիցներից էր: Այժմ տեղի ունեցածի առնչությամբ անցկացվում է հետաքննություն: Կենդանու ճակատագիրը դեռ հայտնի չէ: