Ավստրիայում նախագահական վերընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 2-ին
Ավստրիայի կառավարությունը երկրում նախագահական վերընտրությունների անցկացումը նշանակել է հոկտեմբերի 2-ին: Այդ մասին հայտնել է Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Կերնը, գրում է korrespondent.net-ը:
Այժմ քվեարկության ամսաթիվը պետք է հաստատի երկրի խորհրդարանը:
Անցած շաբաթ Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել մայիսին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների պատճառով:
Երկրորդ փուլում մասնակցում էին Ավստրիայի «Ազատություն» կուսակցությունից թեկնածու Նորբերտ Հոֆերը և «Կանաչներ» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդր Վան դեր Բելենը, ով հաղթանակ է տարել 30 հազար ձայնի նվազագույն գերազանցությամբ:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացել է այս տարվա ապրիլին, Հոֆերը հավաքել է 35 տոկոս ձայն, իսկ Վան դեր Բելենը՝ 21 տոկոս:










