Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը կրկին ուղարկվեց Քնեսեթի մշտական հանձնաժողով

21:09 • 05.07.16

Իսրայելի Քնեսեթն այսօր կրկին չարդարացրեց հայերի սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ բանաձևն ուղարկելով Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովի դատին: 

Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Հակառակ ակնկալվածի՝ Քնեսեթի լիագումար նիստ տեղի չունեցավ․ հարցը պարզապես քննարկվեց, ինչպես քննարկվել է տարիներ շարունակ: «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի հեղինակած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը զետեղվեց օրակարգում և 120 պատգամավորներից ընդամենը 24-ը մասնակցեցին քննարկմանը: 

Նախ Զեհավա Գալ-Օնը ներկայացրեց խնդիրը, սակավաթիվ ելույթ ունեցողներից էր Թալի Բլոսկովը, ով Իսրայել - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարն է: 

Բոլոր ելույթներում ընդգծվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, նշվում էր, թե այն պետք է ճանաչվեր դեռ 70 տարի առաջ: 

Վերջում կառավարության կողմից ելույթ ունեցով Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախարար Ցախի Հանեգբին («Լիկհուդ» կուսակցություն): Նա խոսեց հայ ժողովրդի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, վերջին ժամանակներում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին՝ ելույթի վերջում կոչ անելով քննարկումը տեղափոխել Քնեսեթի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողով, որը կդիմի պատմաբաններին, մասնագետներին, կօգտագործի հայկական ու թուրքական արխիվային փաստաթղթերը և կներկայացնի ընդհանուր եզրակացություն:


Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնն ընդունեց կառավարության ներկայացուցչի առաջարկը և դրեց քվեարկության․ ներկա բոլոր 24 պատգամավորները կողմ քվեարկեցին: 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։