Թուրքական բանջարեղենի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չկա. Մեդվեդև
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ թուրքական բանջարեղենի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չկա, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն «անմիջապես վազելու է և ամեն ինչ բացի», գրում է РИА Новости-ն:
Մոսկվայի մարզում գտնվող ջերմոցային համալիրներից մեկի այցելության ժամանակ, որտեղ վարունգ և լոլիկ է աճեցվում, Մեդվեդևին մտավախություններ են հայտնել, որ թուրքական լոլիկները կարող են կրկին դուրս մղել շուկայից ռուսականները:
«Դեռ ոչ մի որոշում չի կայացվել, կքննարկենք թուրք գործընկերների հետ՝ ինչ և ինչպես, բայց դա չի նշանակում, որ մենք անմիջապես վազել ենք և ամեն ինչ բացել: Միայն մի որոշում է կայացվել՝ զբոսաշրջային ուղղությունների վերաբերյալ»,- ասել է ՌԴ վարչապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել անցած աշնանը կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Դրանից հետո սկսվել է երկու երկրների միջև հաշտեցման գործընթացը, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է կառավարությանն Անկարայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու որոշման մասին:










