Աբխազիայում ցուցարարները հարձակվել են ՆԳՆ շենքի վրա, ՆԳ նախարարը հրաժարական է տվել

11:03 • 06.07.16

Աբխազիայի ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյայպշբան հրաժարական է տվել: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են ինքնահռչակ հանրապետության նախագահի գրասենյակից:

 

«Ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձյայպշբան հրաժարականի դիմում է գրել: Նախագահը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի առնչությամբ»,- հայտնել է երկրի նախագահի գրասենյակում աղբյուրը:

 

Նախարարի հրաժարականն էր պահանջում ընդդիմությունը, որը երեքշաբթի օրը հավաքվել էր նախարարության շենքի առաջ: Ըննդիմությունը փորձել է գրոհով վերցնել նախարարության շենքը: Ցուցարարներին հաջողվել է կոտրել դարպասները և ներս մտնել շենքի առաջ գտնվող հրապարակ:

 

Ինչպես ավելի ուշ գործակալությանը հայտնել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, նախարարը հեռացվել է պաշտոնից ստուգումների անցկացման ընթացքում: