Ապարանում հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են 4 սեփական տներ. ԱԻՆ

16:47 • 06.07.16

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող 4 սեփական տներ են հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ այլ դիմողներ ԱԻՆ-ին չեն եղել:


Ըստ նրա՝ անձրևները դեռևս շարունակվում են, բայց ջուրը գնում է նվազմանը: «Փրկարարները տեղում են, տարվում են աշխատանքներ՝ ջրահեռացման ուղիների ապահովման և բնակարանային տարածքում գոյացումը կանխելու ուղղությամբ»,-ասաց նա:


Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ տներում կուտակված ջրի ծավալը մեծ չէ: «Հիմնականում ներբակային հատվածներ են, արհավիրքային ոչինչ չկա, ավելի շատ պատճառն այն է, որ տվյալ տարածքում ուղղակի ջուրը գոյանում է»,-ասաց նա:

Խանգելդյանը նշեց, որ բավական ինտենսիվ անձրև է գալիս, երկու ժամից ավելի, բայց այս պահին արդեն նվազման է գնում, և ամեն ինչ վերահսկողության տակ է: