Թրամփն ունակ չէ լինել ԱՄՆ նախագահ. Քլինթոն
Հանրապետական Դոնալդ Թրամփն ունակ չէ լինել ԱՄՆ նախագահ, հայտարարել է նրա մրցակից Հիլարի Քլինթոնը: Այս մասին նա հայտարարել է Շարլոթ քաղաքում նախընտրական ցույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև ներկայիս նախագահ Բարաք Օբաման, գրում է РИА Новости-ն:
Քլինթոնն Օբամային անվանել է նախագահ, որը գիտի՝ ինչպես երկիրը դարձնել անվտանգ և ուժեղ:
«Համեմատեք Դոնալդ Թրամփի հետ: Կարո՞ղ եք պատկերացնել նրան Սպիտակ տանը, երբ Ամերիկան հաջորդ անգամ բախվի ճգնաժամի: Աշխարհը հետևում է յուրաքանչյուր խոսքին, որն ասում է մեր նախագահը: Եվ Թրամփը պարզապես ունակ չէ և պիտանի չէ նախագահ լինելու համար»,- ասել է Քլինթոնը:
Նա նաև խոստացել է բարձրացնել աշխատավարձի նվազագույն մակարդակը և լուծել ամերիկացիների համար մի շարք կարևոր այլ սոցիալական հարցեր, որոնք կապված են, մասնավորապես, կրթության համակարգի հետ:










