Իրաք Բրիտանիայի ներխուժման մասին որոշումը սխալ է եղել. Լոնդոնում հրապարակվել են հետաքննության արդյունքները
Իրաք Մեծ Բրիտանիայի ներխուժման մասին որոշումը սխալ է եղել, որի հետևանքներին աշխարհը շարունակում է բախվել մինչ օրս: Այդ մասին հայտարարել է Իրաքում ռազմական գործողությանը բրիտանական մասնակցության պաշտոնական հետաքննության ղեկավար Ջոն Չիլկոտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Իրաք Բրիտանիայի ներխուժումը սխալ էր… Կառավարության ղեկավար (Թոնի) Բլեերին մինչ ներխուժումը հայտնում էին Մեծ Բրիտանիայի համար «Ալ-Քաիդայից» սպասվող վտանգի աճի մասին»,- ասել է Չիլկոտը՝ ներկայացնելով զեկույցը Լոնդոնում:
Նրա խոսքով՝ ամենաշատը ներխուժման հետևանքներն իրենց վրա զգացել են իրաքցիները: «Իրաքի ժողովուրդը լրջորեն տուժել է պատերազմից»,- հավելել է Չիլկոտը:
Նա հավելել է, որ Թոնի Բլեերի կառավարության գործողությունները հիմնվել են սխալ հետախուզական տվյալների և գնահատականների վրա:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հայտարարություն է տարածել հետաքննության արդյունքների հրապարակումից հետո, որտեղ հայտնել է, որ պատրաստ է կրել 2003 թվականին Իրաք երկրի ներխուժման հետ կապված բոլոր սխալների պատասխանատվությունը:
«Ես ամբողջական պատասխանատվություն եմ կրում բոլոր սխալների համար՝ առանց որևէ բացառության, առանց որևէ արդարացումների… Ես խորը ցավ եմ հայտնում զոհերի առնչությամբ, և իմ աջակցությունն եմ հայտնում մեր զինված ուժերին»,- ասված է հայտարարությունում:
Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաջորդ շաբաթ երկօրյա բանավեճեր է ունենալու հետաքննության արդյունքների վերաբերյալ:










