Կրեմլն ուշադիր հետևում է Աբխազիայում տիրող իրավիճակին. Պեսկով

14:50 • 06.07.16

Կրեմլում ուշադիր հետևում են Աբխազիայում տիրող իրավիճակին և հույս ունեն, որ հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական բանավեճերի միջոցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

«Անշուշտ, Աբխազիայում իրավիճակն ուշադրության դաշտում է մնում, և Կրեմլում շատ ուշադիր հետևում են, թե այնտեղ ինչ է տեղի ունենում: Մենք ցանկանում ենք, կցանկանայինք տեսնել Աբխազիան, անշուշտ, Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից կայուն, զարգացող պետություն: Եվ հույս ունենք, որ բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական բանավեճերի ընթացքում և սահմանադրական ճանապարհով»,- հայտարարել է Պեսկովը:

 

Սուխումում հուլիսի 5-ին ընդդիմության հանրահավաքը վերաճել է զանգվածային անկարգությունների, ցուցարարները փորձել են գրոհով վերցնել ՆԳՆ-ի շենքը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 19 մարդ: Ցուցարարները պահանջել են Աբխազիայի նախագահից հուլիսի 10-ից աշուն տեղափոխել երկրի նախագահի վաղաժամ ընտրությունների հարցով հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև պահանջել են ներքին գործերի նախարարի հրաժարականը՝ երկրում հանցագործությունների հետ կապված վիճակի պատճառով:

 

Նախագահը բողոքի ակցիան «երկրում իրավիճակի ապակայունացման փորձ» է անվանել, բայց ստորագրել է ստուգումների ընթացքում ժամանակավորապես ՆԳ նախարարին պաշտոնից հեռացնելու մասին հրամանագիրը: