Իսպանիայում ցլամարտի փառատոնի դեմ բողոքող կիսամերկ ցուցարարներն իրենց վրա արհեստական արյուն են թափել (նկարներ, տեսանյութ)

15:11 • 06.07.16

Ներքնազգեստով ու ցլեղջյուրների ձևով ժապավեններ կապած կանայք ու տղամարդիկ բողոքի ցույց են կազմակերպել Իսպանիայի Պամպլոնա քաղաքում՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով ամենամյա San Fermin հռչակավոր ցլամարտի փառատոնի անցկացման դեմ, հաղորդում է The Daily Mail-ը։

 

Կենդանիների իրավունքների պաշտպան, 22-ամյա ավստրալուհի Հանա Ռոուզ Բեյլին ևս մասնակցել է AnimaNaturalis և PETA կազմակերպությունների կողմից անցկացված բողոքի ցույցին՝ միանալով իսպանացի, շվեդ, ռուս և բրիտանացի 75 ցուցարարներին։

 

«Իսպանիայից պահանջում ենք ավարտել այս լայնորեն դատապարտված փառատոնն ու դրան հաջորդող ցլամարտերը, որոնք կենդանիներին սարսափելի տառապանքների ու չարաշահման են ենթարկում»,- ասել է աղջիկը։

 

Նշենք, որ ամենամյա փառատոնը, որը դիտելու է գալիս մոտ մեկ միլիոն մարդ ամբողջ աշհարհից, անցկացվելու է հուլիսի 7-14 ընկած ժամանակահատվածում։

 

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իսպանական AnimaNaturalis կազմակերպության տնօրեն Աիդա Գասկոնը Europa Press իսպանական լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ իրենք փորձել են բարձրացնել այս իրադարձությունների ընթացքում կենդանիներին պատճառված «դաժանության ու տանջանքի» մասին իրազեկությունը։

 

Նա նաև մանրամասնել է, որ ամեն տարի փառատոնի ընթացքում 50-ից ավելի ցուլ է սատկում։