Հիմնական խնդիրն աշակերտին հայկական դպրոց բերելն է. մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Հայաստանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը: Այս տարի ծրագրին մասնակցում է 73 ուսուցիչ՝ 17 երկրներից, ինչն ըստ ծրագրի պատասխանատուների՝ գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը:
Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Լիբանանից, Հորդանանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից, և այլն: Առավել մեծ պատվիրակություն Թուրքիայից է՝ 15 ուսուցիչ:
Ավստրալիայից ժամանած՝ Սիդնեյ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի փոխտեսուչ Ռազմիկ Ասատրյանն առաջին անգամ էր Հայաստան ժամանել՝ մասնակցելու վերապատրաստման ծրագրին: Tert.am-ի հետ զրույցում սփյուռքահայ ուսուցիչը նշեց, որ բարեբախտաբար կապը հայրենիքի հետ բավարար է վերջին տարիներին:
«Թե Կրթության, թե Սփյուռքի նախարարությունները մեզի օգնում են: Հիմնական դժվարություններից է աշակերտին հայկական դպրոց բերելը: Հայկական դպրոցները մոտիկ չեն, որ բոլորը կարողանան գնալ: Ունենք գրքերի խնդիրներ, հիմա արդեն այստեղ ենք և կտանենք մեզ հետ»,-ասաց նա: Բացի այդ, նա նշեց, որ ոչ թե ունեն ուսուցչական կադրերի համալրման խնդիրներ, այլ վերապատրաստման անհրաժեշտություն կա:
«Հուսով եմ՝ նորեն ուսուցիչներ կուղարկենք և կկարողանան վերապատրաստվել և ծառայել համայնքին»,-ասաց նա:
Հարցին, թե ունե՞ն աշակերտների թվի կրճատման խնդիր, Ասատրյանն ասաց, որ վերջին տարիներին բարեբախտաբար ոչ:
«Չի պակասել, բայց չի էլ ավելացել, մենք ունենք շաբաթօրյա դպրոց, որն ունի 160 աշակերտ, վերջին 3-4 տարին միշտ էլ 160 է եղել»,-ասաց նա:
Ռազմիկ Ասատրյանն ասաց, որ հայերը Սիդնեյ քաղաքում են հիմնականում հաստատվել՝ շուրջ 35-40 հազար բնակչություն կա:
«Ունենք երկու հատ ամենօրյա դպրոց, որի աշակերտների թիվը շուրջ 350 է, ունենք նաև 4 շաբաթօրյա դպրոցներ, և այդ բոլոր դպրոցները միասին աշակերտների թիվը կազմում է շուրջ 300»,-ասաց նա:
Tert.am-ի հետ զրույցում Լիբանանից ժամանած ուսուցչուհիներից Վարդուհի Քեշիշյանը նշեց, թե ամեն ինչ անում են հայկական շունչը փոխանցելու հայ մանուկներին: Հայոց լեզվի հետ խնդիրները, ըստ նրա, շատ չեն, քանի որ արդեն իսկ երեխաները հայերեն լեզուն կիրառում են տանը:
«Բավարար ձևով կհետապնդենք, որպեսզի հայ լեզուն պահպանվի»,-ասաց նա և նշեց, որ խնդիր է, որ աշակերտների թիվը տարեցտարի պակասում է:
«Կպակասին, որովհետև կգաղթին դեպի օտար երկրներ՝ ԱՄՆ, Ավստրալիա, եվրոպական երկրներ»,-ասաց նա:
Նա նշեց, որ Լիբանանում կան շուրջ 15 հայկական դպրոցներ, որից 3-ը մեծ դպրոցներ են՝ 500-600 աշակերտներով: Իսկ մյուսների ընդհանուր գումարը գրեթե նույնքան է:










