Հայազգի դիզայները ծաղրել է ժամանակակից նորաձևությունում տիրող իրավիճակը
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Տիգրան Ավետիսյանը թողարկել է գարուն/ամառ-2017 հավաքածուի լուքբուքը, որը ստացել է In Loving Memory of Spring Summer 2014 («Նվիրված է 2014 գարուն/ամառ հավաքածուի լուսավոր հիշատակին») հեգնական անվանումը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, լուքբուքում ներառված բոլոր 12 լուսանկարներում նույն մոդելը կրում է միևնույն հագուստը` սև ու սպիտակ տրենչը, որի վրա գրված է՝ Nothing Changes («Ոչինչ չի փոխվում»):
Աղբյուրը մանրամասնում է, որ Ավետիսյանի նոր հավաքածուում ներառված բոլոր նմուշները ոչ մի բանով չեն տարբերվում դիզայների կողմից 2014թ. ներկայացված գարուն/ամառ հավաքածուի հագուստներից:
Այսպիսով` դիզայները ծաղրել է ժամանակակից նորաձևության ոլորտում տիրող իրավիճակը, երբ բրենդներն անվերջ կրկնում են միևնույն դիզայներական լուծումները:
Հայտնի է, որ Տիգրան Ավետիսյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Նա լոնդոնյան հեղինակավոր Central Saint Martins քոլեջի շրջանավարտներից է և Tigran Avetisyan բրենդի հիմնադիրը:










