Լոնդոնում սխալ քայլ են անվանել վարչապետ Թոնի Բլեերի` Իրաք ներխուժելու որոշումը

19:59 • 06.07.16

Բրիտանական կառավարությունը` վարչապետ Թոնի Բլեերի ղեկավարությամբ, սխալ է թույլ տվել` 2003-ին ներխուժելով Իրաք:

РИА Новости-ի փոխանցմամբ` նման կարծիք են հայտնել զեկույցի հեղինակները, ովքեր ամփոփել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Իրաք ներխուժելու նախապատրաստման ժամանակ Միացյալ Թագավորության կառավարության գործողությունների պաշտոնական հետաքննության արդյունքները: 

Անկախ հետաքննություն անցկացրած հանձնաժողովի ղեկավար Ջոն Չիլքոթը ընդգծել է, որ Իրաք ներխուժելու համար բրիտանական զորքերը օրինական հիմնավորում չեն ունեցել, իսկ կառավարությունը ճիշտ չի գնահատել այդ գործողության հետևանքները:

Զեկույցն ավելի կոշտ բնույթ է կրում, քան ենթադրում էին բրիտանական ԶԼՄ-ները, որոնք կարծում էին, որ Բլեերի կառավարությանը կմեղադրեն միայն ոչ հավաստի տեղեկություն օգտագործելու մեջ: Սակայն հանձնաժողովը փաստացի մեղադրել է կառավարությանը ՄԱԿ-ի հեղինակությունը խախտելու և տապալելու մի երկրի կառավարությունը, որը վտանգ չէր ներկայացնում միջազգային հանրության համար: