Ucom-ի աջակցությամբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաև Արցախում

12:51 • 08.07.16

Հուլիսի 7-ին՝ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում (ԱՏՏԿ) Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ բացվել է Արցախի առաջին (իսկ ՀՀ ամբողջ տարածքում` 131-րդ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիան: Նախաձեռնությունն իրականացվում ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ ըստ որի Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում՝ ուղղված հայ դպրոցականների տեխնոլոգիական կրթության բարելավմանը: 

«Արմաթ» լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, ԱՏՏԿ հիմնադրամի տնօրեն Նարինե Ասծատրյանը, Արցախի կառավարության ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ այս նախաձեռնությամբ ինժեներական կրթության տարիքը իջեցվում է մինչև 10 տարեկան, ինչը հայ դպրոցականներին ամենամրցունակն է դարձնում: Հ. Չոբանյանը նաև հավելել է, որ տեխնոլոգիական 21-րդ դարում հաղթելու են այն երկրները, որոնք մտավոր ներուժով ամենաուժեղն են:

«Մեր երկրին, անշուշտ, անհրաժեշտ են և՛ տնտեսագետներ, և՛ բժիշկներ, իսկ մեր ընկերության համոզմամբ՝ նաև ինժեներներ, ովքեր կյանքի կկոչեն հայկական ռազմաարդյունաբերությունը: Այս նախագիծն առաջին անգամ ենք իրականացնում Արցախում, սակայն մեր ընկերության աջակցությամբ կբացվի ևս երկու լաբորատորիա, և ինժեներական մտքի զարգացման փորձն արդյունք կտա նաև Արցախում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Հարկ է նշել, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ  դպրոցականները ձեռք կբերեն ժամանակակից տեխնոլոգիական կրթություն, ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում միաժամանակ կանցկացվեն նաև վերապատրաստման դասընթացներ ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների  խմբակավարների համար: Լաբորատորիայում գործում է Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր։ Խմբակների աշակերտների համար կազմակերպվում է նաև ամառային նորարարական ճամբարներ, մրցույթներ և այլ միջոցառումներ:

Նշենք, ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ դեռևս 2013-ին «ԱրմՌոբոտիքսի» շրջանակում ռոբոտաշինության խմբակներ են ստեղծվել Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում: Միությունը ծրագրում է հովանավոր ընկերությունների և Կառավարության աջակցության շնորհիվ տեխնոլոգիական կրթության անվճար հնարավորություն ստեղծել բոլոր դպրոցականների համար: 

«Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող կրթական ծրագիրը հավակնում է դառնալ արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: Տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ տեղական  և  միջազգային շուկայի համար:







 

 
 
 

Ucom-ի աջակցությամբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է հիմնվել նաև Արցախում