Փնտրվում են Հայաստանի CleanTech հերոսները. մեկնարկեց միջազգային ստարտափ բիզնես-մրցույթը (տեսանյութ)
Հայաստանում CleanTech հերոսներին բացահայտելու համար Երևանում մեկնարկեց ClimateLaunchpad Հայաստան 2016 միջազգային ստարտափ բիզնես-մրցույթն ու սկսվեց ծրագրի երկօրյա բիզնես ճամբարը՝ նախատեսված ձեռնարկատերերի և ստարտափների համար։
Երկօրյա բիզնես արագացված դասընթացն անցկացվելու է տեղացի և միջազգային մենթորների և դասընթացավարների փորձառու թիմի կողմից, որին հաջորդելու է վեցշաբաթյա դասընթաց։
«Այսօր մեր իրական կյանքում մենք շատ կարիք ունենք մաքուր տեխնոլոգիաների՝ մեր շրջապատը, մեր բնությունը, մեր երեխաների, թոռների ապագան ապահովվելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը։
Ծրագրին մասնակցելու համար ավելի քան 30 ստարտափ թիմեր են դիմել, ընտրվել են 14-ը։ ClimateLaunchpad Հայաստան 2016 ակսելերացիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ինտենսիվ դասընթացի ժամանակ կտրամադրվեն այն հիմունքները, որոնք նրանց անհրաժեշտ են բիզնես գաղափարները / տեխնոլոգիաները եվրոպական վերջնական մրցույթում հաջողությամբ ներկայացնելու համար։ Մրցույթը տեղի է ունենալու այս տարի աշնանը Էստոնիայի Տալին քաղաքում, որին Հայաստանից կարող են մասնակցել միայն 3 թիմեր։
Նշենք, որ ClimateLuanchpad ծրագիրը կլիմայի փոփոխության կանխարգելմանն ուղղված և մաքուր տեխնոլոգիաների ամենամեծ բիզնես գաղափարների եվրոպական մրցույթն է, որին այս տարի մասնակցելու են 29 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Այն օգնում է զարգացնել և շուկայական միջավայր տեղափոխել խոստումնալից գաղափարները և տեխնոլոգիաները։
Միջոցառումից մանրամասները՝ տեսանյութում։










