Ռուբեն Վարդանյանն իր նոր նախաձեռնությամբ մտադիր է տեխնոլոգիական ճեղքման հիմք դնել Հայաստանում

13:50 • 11.07.16

Ապրիլյան պատերազմը շատ բան փոխեց հայ հասարակության կյանքում։ Մարտական գործողություններին հաջորդող օրերին  մամուլում և սոցիալական ցանցերում բազմաթիվ  կարծիքներ հնչեցին բանակի  արդիականացման անհրաժեշտության մասին: Ձևակերպված  հիմնական պահանջը բանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ու, մասնավորապես,  անօդաչու թռչող սարքերի նորագույն հնարավորություններով համալրելն էր:

Գործարար և  բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը «Մեդիամաքս»–ին  տված հարցազրույցում ներկայացրել է մի գաղափար, որի նպատակը երկրում տեխնոլոգիական ճեղքում մտցնելն է` որպես հիմնական քայլ` ուղղված  ապրիլյան պատերազմից ստացած գլխավոր հրամայականին: Այն է` պետք է   կերտել ուժեղ Հայաստան` ելնելով այն պարզ գիտակցությունից, որ այն ոչ ոք չի կերտելու մեր   փոխարեն:

Այս ազգային առաջնահերթությունը հայազգի բարերարը տեսնում է  հայկական գիտության վերածննդի և Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծման  միջոցով:  Եվ,  չնայած, էական արդյունքների հնարավոր է հասնել արդեն 5-10 տարվա ընթացքում, սակայն, ըստ նրա, սկսել պետք է այսօր։ 

 «Միայն այդպես մենք կարող ենք վստահ լինել, որ հակառակ կողմը պատասխանատվությամբ կմոտենա իր ստանձնած պարտավորություններին, այլ ոչ թե հարմար պահի կսպասի նոր ռազմական արկածախնդրության համար, իսկ միջազգային միջնորդները հարգանքով կվերաբերվեն Հայաստանի ու Արցախի դիրքորոշմանը»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Հենց այդ նպատակով արդեն այս  պահին իսկ IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն և հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։ 

Հիմնադրամը կունենա 10 մլն դոլարի չափով առաջնային ֆինանսավորում, իսկ հաջորդիվ
միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպման միջոցով  նախատեսվում է հիմնադրամի ծավալը 3 տարվա ընթացքում հասցնել մինչև 200 մլն դոլարի։

«FAST-ի տեսլականի հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, եկեղեցին, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։ 
Խոսքը պետք է լինի յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները և մասնագիտական միավորումները, կապի օպերատորները»,- հավելել է Ռուբեն Վարդանյանը:

Գաղափարի հեղինակը այն կարծիքին է, որ FAST-ին կամ որևէ այլ տեխնոլոգիական նախաձեռնությանը աջակցելով, պետությունը պետք է հստակ պահպանի օրենքի գերակայության, բաց տնտեսության և ազատ մրցակցության սկզբունքները, ինչը  թույլ կտա ստեղծել առավել բարենպաստ էկոհամակարգ լավագույն ուղեղները ներգրավվելու համար, ովքեր կստեղծագործեն և բացառիկ նախագծեր կիրագործեն Հայաստանում։

Ռուբեն Վարդանյանը նաև պարտադիր պայման է դիտարկվում` գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի FAST-ը հետաքրքիր դառնա միջազգային բարձրակարգ մասնագետների, և  առաջին հերթին, Սփյուռքի  համար։ «Մենք պետք է կրկին մեզ դրսևորենք որպես նորարարների ու գործարարների ազգ, որն իր ստեղծագործական ներուժը կյանքի է կոչում սեփական երկրում, և ոչ միայն նրա սահմաններից դուրս»,- ասում է Ռուբեն Վարդանյանը:

Նշենք, որ FAST-ի տեսլականի հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, եկեղեցին, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, ՀՀ  արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ և մեխանիզմներ ստեղծվեն Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։ 

 

 

 

Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանն իր նոր նախաձեռնությամբ մտադիր է տեխնոլոգիական ճեղքման հիմք դնել Հայաստանում