Ռուսաստանում սկսվել են գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ ստեղծելու աշխատանքները (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանում սկսվել են գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ ստեղծելու նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է The Daily Mail-ը։
Նշվում է, որ ռմբակոծիչի միջոցով հնարավոր է լինելու տիեզերքից միջուկային հարձակումներ իրականացնել։
Աղբյուրը մանրամասնում է, որ ռմբակոծիչի շարժիչի ստեղծման աշխատանքները ղեկավարում է Ռուսաստանի Ռազմավարական բնույթի հրթիռային ուժերի ակադեմիայի մասնաճյուղի դասախոս, փոխգնդապետ Ալեքսեյ Սոլոդովնիկովը։
«Գաղափարն այսպիսին է. ռմբակոծիչը թռչելու է սովորական օդանավակայաններից, հսկելու է օդային տարածությունն ու ըստ հրամանի դուրս է գալու տիեզերք՝ կատարելով հարձակումներ իրականացնելու առաջադրանքը, այդ թվում՝ միջուկային զենքով, ինչից հետո վերադառնալու է օդանավակայան։ Ռմբակոծիչները կարողանալու են ընդամենը մեկ-երկու ժամում մոլորակի ցանկացած կետ հասնել»,- մանրամասնել է Սոլոդովնիկովը։
Նշվում է, որ շարժիչի ստեղծման աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականին, իսկ արդեն նախատիպը հայտնվելու է 2020 թվականին։











