Հայաստանում ռուսական ռազմաբազայում կառուցվում է տանկերի ստորջրյա վարման ավազան

17:01 • 21.07.16

Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Ալագյազ» բարձր լեռնային հրաձգարանում սկսվել են տանկերի ստորջրյա վարման մարտական պատրաստության նորմատիվներն իրականացնելու համար նախատեսված հատուկ ջրավազանի կառուցման և համալրման աշխատանքները: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից:

100x75 մետր չափեր ունեցող հատուկ բետոնապատ ջրավազանը թույլ կտա տանկային ստորաբաժանումների զինծառայողներին անվտանգ կերպով մշակել մինչև 5 մետր սուզմամբ ստորջրյա վարման նորմատիվները: Ստորջրյա վարման պարապմունքների նախաշեմին տանկային անձնակազմերը կանցնեն տեսական և պրակտիկ նախապատրաստական դասընթացներ:

Տանկային անձնակազմերը կսովորեն զրահատեխնիկան համալրել հատուկ միջոցներով՝ պատրաստելով տանկերը ստորջրյա պայմաններում վարելուն, ինչպես նաև զրահատեխնիկայի հեղեղման, թթվածնային քաղցի, թունավոր նյութերով և պայթյունի ալիքով խոցվելու գործողությունների պլանին: Տանկային անձնակազմերի նախապատրաստման կարևոր առանձնահատկություններից է այն, որ մեխանիկ-վարորդները կտիրապետեն տեսանելիության լիարժեք բացակայության էքստրեմալ պայմաններում և միայն գիրոկողմնացույցի կիրառմամբ զրահատեխնիկան վարելուն:

Ուսումնական վարժանքների անցկացման համար ախատեսված ջրավազանի կառուցումը նախատեսվում է ավարտել 2016թ-ի օգոստոսին:   

Նախկինում Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի՝ Հարավկովկասյան տարածաշրջանում տեղակայված զինծառայողները տանկերի ստորջրյա վարման պարապմունքներն անց էին կացնում ՌԴ տարածքում տեղակայված ուսումնական կենտրոններում և զորամասերում:  

 

 

 

Հայաստանում ռուսական ռազմաբազայում կառուցվում է տանկերի ստորջրյա վարման ավազան