Մարմարիսում Էրդողանի հյուրանոցը գրոհած անձինք հրաման էին ստացել ողջ վերցնել նրան
Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի ժամանակ անձինք, ովքեր գրոհել էին Մարմարիսի հյուրանոցը, որտեղ այդ պահին գտնվելիս էր եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հրաման են ստացել թուրք առաջնորդին ողջ բռնել:
РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին իր ցուցմունքներում հայտնել է Ստամբուլի ռազմական ակադեմիայի կուրսանտ Մեհմեթ Ջանտազը, ով ձերբակալվել է հյուրանոցի վրա հարձակում իրականացնելու գործով:
Մարմարիսում Էրդողանի հյուրանոցի վրա հարձակում իրականացնելու կասկածանքով նախօրեին 7 զինվորական է ձերբակալվել Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում:
Կուրսանտի խոսքով` ինքը առնչություն չունի ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության գործունեության հետ, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղափոխության կազմակերպման մեջ:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձ մի խումբ զինվորականներ իրականացրել էին հուլիսի 16-ի գիշերը, սակայն ապստամբությունը ճնշվել էր մի քանի ժամում, որից հետո հազարավոր մարդիկ են ձերբակալվել ողջ երկրում:
Համացանցում տարածվել էր հյուրանոցի գրոհի տեսանյութը:










